Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը ՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը WWF-Հայաստանի աջակցությամբ կազմակերպել էր միջազգային էկոհավաք-ճամբար:
Ճամբարի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքերը իրականացնում էր Կրթահամալիրի էկոհայրենագիտական ակումբը:
Ճամբարի նպատակն էր Հայաստանի և Վրաստանի սովորողների հետ կազմակերպել բնապահպանական դասընթացներ, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ՝բարձրացնելով սովորողների էկոլոգիական կրթությունն ու իրազեկվածությունը: Էկոհավաք-ճամբարը նպատակ ուներ նաև մասնակից դասավանսողներին ներկայացնել Էկոտուր 2015-ի ծրագիրը, քննարկել առաջիկա համագործակցության նախագծերը:
Ճամբարի մասնակիցներն էին.
- Գեղարքունիկի մարզի Գավառ քաղաքի համար 5 հիմնական դպրոցը
- Արագածոտն մարզի Բազմաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը
- Թբիլիսի համար 2,24 և 98-րդ դպրոցները
- Կրթահամալիրի էկոհայրենագիտական և վրացախոսների ակումբների սովորողները
Հավաքը ընթացել է ըստ հաստատված ծրագրի:
Հոկտեմբերի 30-ին Կրթահամալիրի, Բազմաղբյուրի խմբերը շարժվեցին սուրբ Երրորդություն եկեղեցու բակից , Սևանի ճանապարհից խմբին միացավ Գավառը, իսկ արդեն Կողբ գյուղում Էկոհավաքի ամբողջական կազմն էր՝միացավ Թբիլիսիի 11հոգանոց խումբը:
Ճամբար-հավաքի առաջին օրը ներկայացվեց եռօրյա հավաքի ծրագիրը, անելիքները:
Հոկտեմբերի 31-ին ուղևորվեցինք Կիրանց վանք: Եղանակային պայմանները բարեհաճ չեղան մեր նկատմամբ՝ճանապարհը անանցանելի էր, ուստի ուղղությունը փոխեցինք դեպի Նոյեմբերյանի սուրբ Հովհաննես եկեղեցի:
Օրվա երկրորդ մասում «Մեկ օր WWF-ի հետ» նախագիծն էր: Նախագիծը սկսվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածք այցելությամբ, որը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում: Այնուհետև շարունակվեց «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, որտեղ WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Գեռա Ոսկանյանը ներկայացրեց WWF-ի դերը և գործունեությունը տարածաշրջանում ու Հայաստանում: Հանդիպման երկրորդ մասում WWF-Հայաստանի ծրագրի համակարգող՝ Վասիլ Անանյանը ներկայացրեց Հայաստանի վտանգված կենդանատեսակները և WWF-Հայաստանի մոտեցումը դրանց պահպանության հարցին: Միջոցառումն եզրափակվեց արջի մասին տեսաֆիլմի դիտումով, որից հետո բոլոր մասնակիցները ստացան տարբեր տեղեկատվական նյութեր:
Նոյեմբերի 1-ին, ըստ ծրագրի, նախատեսում էինք իրականացնել հայրենագիտական ճամփորդություն դեպի Նոր Վարագավանք,բայց առատ տեղումներն ու մառախուղը վտանգավոր էին Զիկատարից դուրս գալու համար, այդ պատճառով էլ ծրագիրը փոխվեց և խմբերը աշխատեցին կենտրոնում:
Իրականացվեց սեմինար պարապմունք.
- ներկայացվեց Էկոտուր ամենամյա միջազգային բաց ստուգատեսի ծրագիրն ու 2015-ի գլխավոր ուղղությունները
- ցուցադրվեցին նախորդ տարիների մրցանակակիր աշխատանքները
- խոսվեց Կրթահամալիրում իրականցվող Էկոկրթական նախագծերից և համագործակցություններից
Փոքր խմբերով աշխատանքների արդյունքում Կրթահամալիրի սովորողները օգնեցին մասնակիցներին նախագծել Էկոտուր 2015-ի իրենց խմբի աշխատանքի ուրվագիծը:
Եղան առաջարկներ.
Թբիլիսի թիվ 24 դպրոց Թամարա Բարիսաշվիլի- Էկոտուրի նախագծերը ներկայացնելիս խմբերը ներկայացնեն մեկ ստեղծագործություն, որը նվիրված է բնությանը:
Թբիլիսիի թիվ 98 դպրոցի դասավանդողների խումբ- Էկոտուրը լինի քառալեզու, որ նախագծերը ներկայացվեն նաև անգլերենով.
Էկոհավաքի արդյունքում.
- Էկոտուր 2015-ին Թբիլիսիից կմասնակցեն երեք տարբեր դպրոցներ
- Ամրապնդվեց թիվ 98 դպրոցի հետ էկոկրթական փոխանակման ծրագրերը և մարտ ամսի ուսումնական արձակուրդին կիրականացնենք համատեղ էկոդաս Թբիլիսիում «Անտառներ» թեմայով:
- WWF- Հայաստանը իր գործուն աջակցությունն ունեցավ ճամբարի կազմակերպման գործում
Կրթահամալիրի վրացախոսների ակումբը Ռինա Շագինյանի ղեկավարությամբ բոլոր օրերին իրականացրել են սինխրոն թարգմանություններ: Թարգմանել են ծրագիրը, հրապարակումներն ու ռեպորտաժները, որոնք շուտով կհրապարակվեն Սեբաստացի TV-ում:
Անի Սարգսյանը նկարահանել է ճամբարային առօրյան, սեմինարները,ինչպես նաև հարցազրույցներ և ռեպորտաժներ, որոնք կցուցադրվեն Էկոլուրում և Կրթահամալիրի կայքում:
Բացասական եմ գնահատում Մադինայի և Բջնիի դպրոցի բացակայությունը և այդ մասին միայն վերջին օրը տեղեկացնելը: Նախապես տեղեկանալու դեպքում, այլ խմբեր նույնպես կկարողանաինք ներգրավել:
Բնապահպանական հավաք-ճամբարը կայացավ: Դրա մասին վկայում են մասնակից խմբերի տպավորությունները(որոնք կլինեն ռեպորտաժների տեսքով), Էկոտուր 2015-ի նախագծերի մշակումը, նոր համագործակցությունների սկիզբը:
Ճամբարի կազմակերպման և կայացման գործում իրենց դերն ունեցան Էկո ակումբի սովորողները, որոնք շատ հմտորեն ներկայացնում են, բացատրում, սովորեցնում:
Կայքում հրապարակված նյութերը.
- Autumn Eco-Camp in Zikatar Environmental Center
- Աշնանային էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կենտրոնում
- Ճամբարային օրերից
- Զիկատարյան ճամբար
- Երևան-Զիկատար-Երևան
- Մեկ օր WWF-ի հետ
- Էկոկրթական նոր համագործակցությունների սկիզբ
- Ուղիղ միացում «Զիկատար» էկոլոգիական ճամբարից
- «Զիկատար» բնապահպանական կենտրոնի աշնանային էկոճամբարից
- Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին
- Զիկատար #3
- Զիկատար #2
- Զիկատար #1
- Աշունը Զիկատարում
- ზიკატარ #2
- ეკოსასწავლო ახალი თანამშრომლობის დასაწყისი
- ზიკატარ #1
- ტნჯრის ხე
Ճամբարի ղեկավար՝ Մարթա Ասատրյան