Տպավորություններով լի վերադարձ

IMG_7765Եթե ընթերցողը հիշում է,«Ստեփանակերտ»թերթի նախորդ համարներից մեկում Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտների երախտիքի խոսք էր տպագրվել` նվիրված «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրին, կրթահամալիր, որն արդեն չորրորդ տարին ` ՀՀ ԿԳ և ՀՀ Բնապահպանության նախարարությունների աջակցությամբ, կազմակերպում է«Էկոտուր» էկոլոգիական նախագծերի ամենամյա, միջազգային ստուգատես-մրցույթ: Մրցույթին մասնակցում էին աշակերտներ` Հայաստանից, Արցախից, Վրաստանից: Նշենք, որ գլխավոր մրցանակ էին ստացել 12 հայաստանյան և վրաստանյան խմբեր, իսկ խրախուսական մրցանակ` 4 հայաստանյան, վրաստանյան, արցախյան խմբեր: «Էկոտուր» մրցանակը ճամբարի ուղեգիրն էր, որը երջանիկ պատահականությամբ բաժին ընկավ նաև մեզ` արցախցիներիս: Եվ ահա եկավ այն բաղձալի օրը, երբ մեզ տեղեկացրին, որ հունիսի 5-ին պետք է մեկնենք ճամբար: Մեր խմբի ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի մեթոդիստ Անահիտ Մեսրոպյանը, ում հետ բազմիցս պատիվ ենք ունեցել ճանապարհորդելու, մեզ համար պարզապես երկրորդ մայր էր, ով ջանում էր ամեն ինչ անել, որպեսզի մենք ոչնչի կարիք չունենանք: Ճամբարային օրը սկսվում էր հունիսի 7-ին, բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը որոշեց մեզ անակնկալ մատուցել. Հունիսի 5-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ մեզ իր որդու հետ արդեն սպասում էր կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը, ում բարեմաղթանքներով լեցուն` ճանապարհվեցինք Սևան: Հիշարժան առաջին օրը սկսվեց Գեղամա հրաշքը վայելելուց, որի կոհակների ծփանքը զգացինք մինչև երեկո: Այդ ընթացքում այցելեցինք Սևանավանք, ավելի քան մեկ ժամ շոգենավով շրջեցինք ու ըմբոշխնեցինք «գեղեցկուհու» անկրկնելի հմայքը: Օրն իր մայրամուտն էր ապրում, երբ ճանապարհվեցինք դեպի ճամբար` Տավուշի մարզում, Կողբ գյուղից 12 կմ դեպի կուսական լեռնանտառներում ծվարած մի հրաշք աշխարհ` Զիկատար: Այդ հինգ օրերի ընթացքում, ինչը ներկաներիս համար ակնթարթ թվաց, մենք շատ բան տեսանք ու հասկացանք: Ու թեկուզ ճամբարը կոչվում էր միջազգային, սիրով այն եզրակացության եկանք, որ թիմակիցներիս մեջ ազգերի տարբերություն չկա. գոյություն ունի մեկ միասնական թիմ, չնայած բարձրից ծածանվում էին երեք դրոշները` Արցախի, Հայաստանի և Վրաստանի: Բոլորս իրար հանդեպ հարգալից վերաբերմունք էին ցուցաբերում` մեկ ընտանիքի պես ապրելով մեկ հարկի տակ: Հատկապես ինձ շատ դուր եկավ ճամբարի կազմակերպվածությունը, մշատապես` արշավներ, դասեր, պարեր, խաղեր: Համակցված էր տեսականն ու գործնականը: Իսկական միջազգային ճամբար, որին մարդ երազում է մասնակցել գոնե մեկ անգամ: Փորձում էինք խոսել վրացերեն, վրացիներին սովորեցնել հայերեն` լեզուների խառնաշփոթ էր առաջանում: Տպավորություններս այնքան շատ են, որ չգիտեմ ինչպես մտքերս ի մի բերել, իսկ գրելու նյութն այքան շատ է, որ հազիվ տեղավորվի ամբողջ թերթում…IMG_7977

Ավարտելով խոսքս, պարզապես, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրին, մասնավորապես` ճամբարի պետ Մարթա Ասատրյանին և օգնական / վրացերենի թարգմանիչ/ Ռինա Շահինյանին` հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար: Նաև իմ բոլոր ընկերների անունից շնորհակալություն եմ հայտնում ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանը` մեզ ֆինանսապես աջակցելու համար, նաև` Ստեփանակերտ քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնին, և անշուշտ, Աստծուն, մեզ` տիկին Մեսրոպյանի պես մարդու, ուսուցչի հետ էլ ավելի մտերմացնելու համար:

Գոռ Մաթևոսյան
Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ

Տպագրվել է «Ստեփանակերտ»թերթում

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code