Մայիսի 2-ին քաղաքացիական անհնազանդությունը նոր թափ էր ստացել՝ կապված մայիսմեկյան՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ չընտրվելու հետ։ Փարաքարցիները և օդանավակայանի աշխատակիցները շրջափակել էին օդանավակայան տանող խաչմերուկը վաղ առավոտից։ Երեկվա հույժ լարված ու ժողովրդի սպասումները չիրականացրած իրադարձությունը ժողովրդին չէր հուսալքել։ Հակառակը՝ ազգը շարունակում էր նույն ոգով պայքարել, ցնծալ, երգել, պարել, գրառումներ տարածել, հագուստին՝ «ՆԻԿՈԼ ՎԱՐՉԱՊԵՏ» կոչեր կրել, թնդացնել երկինքը, որտեղ խաղաղ սավառնում էր Թավշյա հեղափոխությունը։ Դիտորդի աչքերով նայում էի շուրջս, երևի ճամպրուկները գլորող զբոսաշրջիկների անցուդարձն էր ինձ ստիպում ոչ թե մասնակցի, այլ՝ օտարի հայացքով տեսնել ամեն ինչ։ Կարծես բոլորը մի տնից լինեին՝ բոլորի գործողությունները, նպատակները, համերաշխությունը, սերը, հանդուրժողականությունը, կամքը և անգամ ճաշակը նույնն էր։
Նայում էի ժողովրդիս ու մտքիս մեջ բարձրախոսը վերցրած` խոսում նրանց հետ, կիսվում Փարաքարի Բիո լճակի վերակառուցման, Շադրլու ջրանցքի մաքրման, համայնքում կոյուղագծերի անցկացման, հարյուրավոր հեկտարներով անջրդի հողերի ոռոգման խնդիրներով։ Այնքան էի ուզում դադարեցնել աղմկահարույց երաժշտությունը և հայտարարել բնապահպանական հանրակրթական ստուգատեսի մասին, խոսել տաս հազարանոց Փարաքար համայնքի բնապահպանական խնդիրների մասին, վաղվա Հայաստանում այս խնդիրները լուծված տեսնելու մասին․․․
Մինչ մտքիս մեջ քարոզչություն էի իրականացնում, դպրոցական աղջիկները թասերով ելակ էին հյուրասիրում ժողովրդին։ Մոտեցա նրանցից մեկին, հարցուփորձ արի, թե ելակն արդյո՞ք փարաքարցիներն են աճեցրել, ի՞նչ ջրով են ոռոգել՝ խմելու՞, թե կոյուղաջրով։ Աղջիկը թասը ձեռքին ընկճված սկսեց կմկմալ՝ բոլոր հարցերիս «չգիտեմ» պատասխանելով։ Տեսնելով նրա տրամադրության կտրուկ անկումը՝ այնքան խեղճացա իմ արարքից, որ թվաց, թե օտարվեցի այս ամենից, էլ իրենց մասնիկը չեմ, դավաճանի մեկն եմ։ Աղջկա շապիկին փակցված էր՝ ԴՈՒԽՈՎ գրառում, բայց ես իմ ոչ տեղին հարցերով կոտրեցի այդ դուխը, ոգևորությունը՝ հյուրասիրության դիմաց կասկածի տակ դնելով ելակի պիտանելիությունը։ Սկսեցի տանջվել իմ արածից ու ատել ինքս ինձ։ Գնացի տուն, մի ժամ հետո կրկին Փարաքարի կենտրոնում էի՝ ցուցարարների մեջ։ Փորձում էի ցրել նեղվածությունս, մեկ էլ տեսնեմ կանայք կոնֆետի ու պաղպաղակի թղթերը լցնում են հենց իրենց կողքով անցնող առվի մեջ։ Արդեն պատրաստվում էի բարկացած նետվել քարոզչության, թե մի ժամ առաջ, երբ այդքան հավեսով ուտում էիք ելակը, ոռոգված էր այն առվի ջրով, որը դուք հենց նոր աղտոտեցիք ու աղտոտել եք։ Սակայն մինչ կմոտենայի նրանց, նկատեցի ցուցարարների ձեռքին ցուցանակներ, որտեղ գրված էր՝ 55 ԹՈՒՐՔԵՐ։ Բարկությունս վերածվեց ամոթի, խայտառակության զգացումի։ Ախր աշխարհն է մեզ նայում, զբոսաշրջիկներ են օդանավակայանից ոտքով անցնում մեր միջով։ Մի՞թե սա հայի ու թուրքի կռիվ է, մի՞թե թուրքը դավաճանի, տականքի, վախկոտի, սրիկայի կամ ինչպես կուզեք պիտակավորեք ՀՀԿ պադգամավորներին, հոմանիշն է։ Հայի ու թուրքի թշնամանքի դրդապատճառը սխալ ու նենգ քաղաքականության, կառավարման, որոշ երկրների ստոր շահերի արդյունք է։ Ինչևէ, եթե մի ազնիվ թուրք, շատ ավելի մաքուր ու բարի, հեռուստացույցի առջև նստած տեսնի ու հասկանա այդ ցուցանակի վրա գրվածը․․․ ես ամոթից գետինը մտա։
Ո՞ր մեկին մոտենայի, մի պահ որոշեցի շրջել ու հավաքել բոլորի ձեռքից թերթիկները, բայց չարեցի, որ չնեղացեմ նրանց այնպես, ինչպես ելակ բաժանող աղջկան։ Բայց հեռանալ չկարողացա։ Սկսեցի սթափեցնել ինքս ինձ՝ հասկանալով, որ այս պահին, այստեղ ես ինձ սխալ եմ պահում։ Ես չեմ գնահատում ամենակարևորը՝ 12 օր փողոցներում պայքարող հայ ժողովրդիս միասնականությունը, 12 ժամ Հանրապետության Հրապարակում սոված-ծարավ կանգնած ծերերին ու երիտասարդներին, աշխատանքի չգնացող, իրենց աշխատավարձից զրկված, բայց ստրուկե հոգեբանությունը հաղթահարած իմ ազգին, վաղվա ազատ-անկախ Հայաստան կերտողներին։ Բոլոր արատավոր երևույթները բարդեցի այս 20 տարիներին գործող իշխանությունների վրա։ Այո՛ նրանք են մեղավոր, որ քաղաքացիները կեղտոտում են, դա գալիս է ժողովրդիս անտեղյակությունից, կրթություն ապահովող հաստատությունների որակից, երկրում չձևավորված մի շարք մշակույթների բացակայությունից, անապահով կենցաղից, աղքատության բարձր ցուցանիշից և նրանից, որ ազգս ինքն իրեն զգացել է ոչ թե երկրի տեր, այլ՝ ստրուկ։ Այսուհետ ուրիշ հայ ու ուրիշ Հայաստան է լինելու։ Բոլոր բնագավառներում իրենց գործին տիրապետող մարդիկ են լինելու, օրենքի երկիր ու օրենքով պաշտպանված քաղաքացի է լինելու։ Սա երազանք էր, որն այսուհետ իրականություն է լինելու։
Փոթորիկ է ներսումս ու այն կխաղաղվի, երբ կարողանամ փարաքարցուն նվիրել ելակի համար մաքուր ոռոգման ջուր ու այսկերպ քավել մեղքս՝ հյուրասեր աղջնակին նեղացնելու համար։
Լուսանկարը՝ Նոնա Գրիգորյանի