Մի օր Հրազդանի կիրճում

Ի՞նչ կապ ունի՝ քայլք, թե ճամփորդություն. նույն բավականությունն է, էմոցիաները, ուղեկցող ժպիտն ու նոր գիտելիքը: Իսկ երկար կամ կարճ տևելը՝ ժամանակը, հավատացե՛ք, աննկատ է: Բնապահպանների մի խմբով ուսումնասիրում ենք Երևանի ջրանցքները։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում այցելեցինք Դալմայի ջրանցքներ: Անկեղծ ասած, սրա վիճակն ավելի բարվոք ու արդարացնող էր, քան նախորդը՝ Մալաթիայի ջրանցքը: Տեղ-տեղ աղբակույտեր նկատվում էին, բայց վիճակը ծանր չէր: Չկար գարշահոտություն կամ տհաճություն պատճառող մանրուք: Շարունակեցինք ուսումնասիրությունները: Այնքան գեղեցիկ է գարնանային Երևանը. ամենուրեք փարթամ կանաչ էր, գլխիկոր հայացքներով ծաղիկներ, գոհ ու դժգոհ դեմքերով անցորդներ, ամենօրյա եռուզեռ: Բնության տեսարանն էլ ավելի էր գեղեցկացնում Հրազդան գետը, որը գարնանային աշխույժ հոսքով վարարում էր ու իր ափ կանչում անցորդներին: Մեզ անտարբեր չթողեց: Նստեցինք Հրազդանի ջրերով ողողված քարերին ու միախառնվեցինք գետի հոսքի ռիթմին: Անասելի հաճելի է լսել բնության կենդանությունը, գետի ալիքների՝ քարերին բախվելուց առաջացող ձայնը, զգալ զովությունը: Ջրի մեջ էլ կենդանություն կար՝ նկատվում էին մանր, բայց անզեն աչքով երևացող ձկներ: Հիանալի, իրականությունից կտրող մթնոլորտ էր: Եվ այսպես՝ այցը դեպի հասարակ ջրանցք դարձավ մի փոքրիկ ճամփորդություն՝ լի գույնզգույն պահերով ու բարձր ծիծաղներով:

Նյութը՝ Մարգարիտա Կարախանյանի

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code