Այսօր այցելել էինք երկրաբանական թանգարան` մասնակցելու ջրի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը կարելի է ասել կիսով չափ նաև մրցույթային էր: Ամբողջ Հայաստանից մասնակցում էին 5 դպրոցներ` Վարդանանց կրթահամալիր, Գեղանիստի միջնակարգ դպրոց, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիր, Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցը: Այնտեղ նաև ներկա էր “Veolia” ընկերության տնօրենը, ով սկզբում պատմեց, իրենց անցած տարվա “Մաքուր Սևան” նախագծի մասին, որի ընթացքում նրանք մաքրել էին Սևանա լիճը աղբից, նաև դիտեցինք փոքրիկ տեսանյութ իրենց աշխատանքներից։ Հանդիպման հաջորդ մասը ինչպես արդեն նշեցի մրցույթային էր, որի ընթացքում արդեն յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր բնապահպանական խնդիրները և թե նրանք ինչպես են փորձել լուծել դրանք: Մենք մեր ուսուցիչների հետ ներկայացրեցինք “Գետը համայնքում” նախագիծը և արդյունքը, որից հետո նաև պատմեցինք էկո տուր 2018-ի Բնապահպանական ստուգատեսի ուղղությունների մասին, ինչպես նաև այն մասին, որ հաջորդ շաբաթ կրթահամալիրում Բնապահպանական ճամբար է լինելու։ Ճամբարը և ստուգատեսը շատերին հետաքրքրեց և նրանք մոտեցան մեր ուսուցիչներին, վերցրեցին մեր տվյալները, թողեցին իրենցը և խոստացան համագործակցել։ Իսկ մրցույթի արդյունքները կհրապարակվեն մեկ ամսից, չնայած ինչպես այնտեղ նշեցին կազմակերպիչները մեր բոլորի ներկայությունը և մտահոգությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ արդեն իսկ հաղթանակ էր: