Ճամփորդություն Նորագավթից Այնթապ` ջրանցքի երկայնքով

Մարտի 29-ին, մի խումբ սեբաստացի ճամբարականներ՝ բնագետ, աշխարհագրագետ, քիմիկ, ֆիզիկ, լրագրող-հետաքննողներ, լուսանկարիչներ, կիրականացնեն «Գետը համայնքում» նախագծի՝ «Մեր ջրանցքները» խորագրով ճամփորդություն՝ Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի շրջանակում։Նախագծին կմիանան Այնթապ գյուղի Թիվ 2 դպրոցի 15 սովորող` իրենց ուսուցչուհու՝ կենսաբան  Նարինե Փիլոյանի և  համայնքի ղեկավարների հետ։ Խումբն ուսումնահետազոտական աշխատանք կիրականացնի Նորագավթի և Այնթապ գյուղի ջրանցքների վերաբերյալ, կընդգծի դրանց խնդիրները, կփորձի լուծումներ առաջարկել՝ ջրանցքներն ազատելու նրանց մեջ թափվող քիմիական նյութերից, կոյուղաջրերից և կենցաղային աղբից, էկոակցիա կիրականացնի  ափամերձում՝ ներգրավելով բնակչությանը իրենց բնակավայրով հոսող ջրանցքների և առուների վրա։ Հետազոտական աշխատանքները և լուսանկարները կցուցադրվեն  «Մեր Ջրանցքները»  լուսանկարչական ցուցահանդեսին, որը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի ցուցասրահում, ժամը 14:00։ Կրթահամալիրն այս անգամ իր ճամփորդությունը և էկոակցիան կիրականացնի ՆԱԲՈՒ-ի՝ «ՄԱՔՈՒՐ ԱՓ, ՄԱՔՈՒՐ ԱՌՈՒ» ծրագրի աջակցությամբ։

Կրթահամալիրի խումբը նախ կհուրընկալվի Այնթապի Թիվ 2 դպրոցում և կծանոթանա  սովորողների «Դու՛րս Կարմիր գրքից» նախագծին, այնուհետև կիրականացնի իր էկոակցիան՝ ջրանցքների ափամերձ հատվածներում։

Ճամփորդության սկիզբը՝ 11:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, ավարտը՝ 16։00 նույն վայրից։